Թրամփի և Սի Ծինփինի միջև գագաթնաժողովի անցկաց...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև գագաթնաժողովի անցկացման հավանականությունը «բարձր է»։ Նման հայտարարություն նա արել է ուրբաթ օրը Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ բանակցություններից հետո։ Ըստ Ռուբիոյի, հանդիպումը եղել է «շատ կառուցողական և դրական», թեև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պահպանվում են հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները տարբերվում են։

«Ակնհայտ է, որ կան թեմաներ, որոնց շուրջ մենք պետք է աշխատենք, և դա բնական է աշխարհում նման կշիռ և ազդեցություն ունեցող երկրների համար», - լրագրողներին ասել է Ռուբիոն։

«Բայց հանդիպումն իսկապես կառուցողական էր և մեզ տվեց կոնկրետ ուղղություններ, որոնց շուրջ մենք կարող ենք միասին աշխատել»։

Սա ԱՄՆ-ի և Չինաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների առաջին առերես հանդիպումն էր այս տարվա հունվարին Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հիմնական ուղերձն է՝ գտնել երկու երկրների միջև ռազմավարական կայունության հնարավորություն, որոշել համագործակցության ոլորտները և կառուցել ավելի արդյունավետ երկխոսություն ու վստահություն։

Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման հեռանկարների մասին հարցին ի պատասխան Ռուբիոն հայտարարել է. «Հավանականությունը բարձր է, բայց երկու կողմերն էլ պետք է ճիշտ մթնոլորտ ստեղծեն և պայմանավորվեն կոնկրետ արդյունքների շուրջ։ Երկու կողմից էլ այս հանդիպումն անցկացնելու մեծ ցանկություն կա։ Ամսաթիվ դեռ չկա, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Այն կկայանա»։