Արևմտյան մեկնաբանները, ովքեր պնդում են, որ Ռուսաստանը «կհրաժարվի» Իրանից, եթե այն բարելավի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ստում են, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
«Ես արդեն ասել եմ ձեզ, որ նրանք ստում են։ Կարո՞ղ են նրանք ինձ գոնե մեկ օրինակ բերել, թե ինչպես մմեծ, հզոր երկրի հետ հարաբերությունների համար մենք դավաճանել ենք մեկ այլ երկրի՝ մեր վաղեմի ընկերոջ կամ դաշնակցի։
Եթե ձեզ նման հարցեր են տալիս, խնդրեք նրանց օրինակ բերել, թե երբ և ում ենք մենք դավաճանել։ Մեզ ասացին, որ մենք դավաճանել ենք Սիրիային։ Մենք ոչ մեկին չենք դավաճանել։ Այնտեղ այժմ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք համարում ենք Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործ։ Մենք նոր իշխանությունների հետ ունենք հարթ, կայուն հարաբերություններ։ Թող նրանք ինձ օրինակ բերեն, թե երբ, ինչպես նրանք կարծում են, Ռուսաստանը լքել է մեկին»,- ասել է նա։
Լավրովը նաև Եվրոպայի մոտեցումն Ուկրաինայի հակամարտությանը համեմատել է «ծույլ բժշկի» հետ, որը չի հասկանում հիվանդությունը։
«Եվրոպան նման է ծույլ բժշկի, որը չի հասկանում այն հիվանդությունը, որի հետ գործ ունեք, այլ պարզապես ձեզ դեղահաբ կամ դեղամիջոց է տալիս, որպեսզի հինգ րոպեով մի փոքր ավելի լավ զգաք։ Այս եվրոպացի «բժիշկներն» ախտորոշումներ չեն անում», – ասել է Լավրովն



