Թովմասյանը Եվրոպական արտաքին գործողություններ...

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան և հանձնաժողովի աշխատակազմը հանդիպել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի և նրա աշխատակազմի հետ։ Այս մասին տեղեկացրեց Թագուհի Թովմասյանը։

«Խոսեցի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգային մարտահրավերների մասին։ Պատմեցի, որ Սոթքի հանքավայրի 800 աշխատակիցներ զրկված են աշխատանքի գնալու հնարավորությունից, քանի որ 1 շաբաթից ավելի ազերիները կրակում են ու թույլ չեն տալիս մարդկանց գնալ իրենց աշխատանքին»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը:

Նա հանդիպմանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բոլոր ջանքերին և ԵՄ դիտորդական առաքելությանը՝ հասնելու խաղաղության Կովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, գրեթե ամեն օր կրակում է հայկական դիրքերի, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, իրականացնում դիվերսիոն գործողություններ, որոնց հետևանքով, ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։

«Խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով արդեն 4 ամիս ծանրագույն պայմաններում հայտնված 120000 Արցախի մեր հայրենակիցների խնդիրներից, ովքեր զրկված են կյանքի, ազատ տեղաշարժի, իրենց առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով և փաստաթղթերով։ Ընդգծեցի, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այս իրավիճակում դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120000 մարդու կյանք»,- տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նա հավելեց՝ շնորհակալություն հայտնելով իր նամակներին արձագանքելու համար՝ նշել է, որ իրենց այցն անհրաժեշտ խթան էր համագործակցության ընդլայնման առումով։ Դորոտա Դլուչի-Սուլիգան իր հերթին հայտնել է իր պատրաստակամությունը շարունակական համագործակցության, և նշել, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ ունի կարևոր օրակարգ: