Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնայ...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Ինչպես տեղեկացնում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանը մանրամասնել է ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետության քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոցելի խմբերի անկախ կյանքի ապահովմանը, նրանց կայուն զբաղվածության ապահովմանն ու ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է նաև փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։