Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին կրկին հայտարարել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Այս մասին նա խոսել է 1970-ականներին Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:
«Առևանգվածների խնդրի լուծումն իմ առաքելությունն է», - մեջբերել է նրա խոսքը Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Տակաիչին հավելել է, որ «պատրաստ է անձամբ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ», որպեսզի իրենք «կարողանան միասին ստեղծել ապագան», որտեղ Ճապոնիան և ԿԺԴՀ-ն «կարողանան վայելել խաղաղությունն ու բարգավաճումը»: Վարչապետը նաև ընդգծել է, որ կօգտագործի բոլոր առկա միջոցներն՝ այդ խնդրի վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնելու համար:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական բանակցությունների պատրաստակամության մասին վարչապետ Տակաիչին հայտարարել է 2025 թվականի վերջին ընտրվելուց անմիջապես հետո: Այն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Փհենյանն անմիջապես տեղեկացվել է Ճապոնիայի դիրքորոշման մասին:
Առևանգված քաղաքացիների թեման ամենացավոտ հարցերից է երկու պետությունների միջև հարաբերություններում։ Երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանել է ճապոնացի 13 քաղաքացիների առևանգման փաստը և նրանցից հինգին թույլ է տվել վերադառնալ հայրենիք։ Մնացածները հայտարարվել են մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվել են աճյուններ, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել: 2014 թվականի մայիսին երկու երկրների կառավարությունները համաձայնության են եկել անցկացնել նոր հետաքննություն, սակայն դրանով զբաղվող հանձնաժողովը հետագայում ցրվել է Փհենյանի նախաձեռնությամբ։



