Տոկաևն արձագանքել է Ղազախստանը միութենական պե...

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ իր երկիրը միութենական պետությանն անդամակցելու կարիք չունի։ Նրա հայտարարությունը Telegram-ում հրապարակել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այս կերպ Տոկաևը պատասխանել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած կոչին, որում նա առաջարկել էր Ղազախստանին ու հետխորհրդային տարածքի մյուս երկրներին ընդգրկվել Մոսկվայի ու Մինսկի դաշինքում՝ միջուկային զենքին ավելի մոտ լինելու համար։

«Ես գնահատեցի նրա կատակը։ Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը»,- պատասխանել է Տոկաևը։

Նա նաև հիշեցրել է, որ Ղազախստանը միացել է Միջուկային փորձարկումների արգելման և Միջուկային զենքի չտարածման պայմանագրերին, հետևաբար, այդ զինատեսակի կարիքը երկիրը չունի։ «Մենք հավատարիմ ենք մնում այս միջազգային փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին»,- ընդգծել է հանրապետության ղեկավարը։