
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան:
Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, ձերբակալման պահին, 51-ամյա տղամարդը նետել է մոտի պոլիէթիլենային փաթեթը:
Նա տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական գործողություների արդյունքում տղամարդու նետած փաթեթում հայտնաբերվել է ավելի քան 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին:
Տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: