Թմրամիջոց օգտագործած կամ ժամկետանց վարկեր ուն...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հաստատեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը եւ հավելավճարների չափերը:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ատեստավորման սուբյեկտ են լիբնելու թե ոստիկանության պետի տեղակալները, թե ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները. «Ատեստացիան իրականացնելու ենք երեք փուլով. Առաջինը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որը լինելու է ընդհանուր զարգացվածության մասով ստուգում, երկրորդ փւոլը կլինի ստուգարք, որն իրենից կներկայացնի ֆիզիկական եւ մարտական ստուգման մասով  համապատասխան գիտելիքների ու կարողությունների  ստուգում, եւ երրորդ փուլը մասնագիտական բաժնի թեստավորումն է, որը ծառայողների բուն մասնագիտական կարողություններին է վերաբերելու»,-ասաց նա՝ հավելելով, որ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային պլատֆորմի միջոցով:

Փոխնախարարը նշեց, որ նախատեսված է երեք արդյունք՝ «գերազանց», «լավ» եւ «բավարար», որից կախված է լինելու հավելավճարի չափը: Ծառայողը կարող է «գերազանց» ստանալ, եթե 50 հարցից 45-50-ին ճիշտ է պատասխանել, լավ» կարող է ստանալ, եթե 35-40 հացրի է ճիշտ պատասխանել եւ «բավարար», եթե 26-34 հարցի է ճիշտ պատասխանել, որը կեսից ավելին է:

«Մի քանի հիմնական չափանիշներ ենք նախատեսել, որոնցով պետք է որոշենք, թե արդյոք անձը պետք է մասնակցի թեստավորմանը, թե ոչ: Դրանք երկու խոշոր խմբավորում են, առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը: Մինչև ատեստացիան կունենանք լիցենզավորված բժշկական կազմակերպությունների կողմից իրականացրած փորձաքննություն, որի արդյունքների վրա  եթե արդյունքները դրական լինեն, ապա անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը:

Մյուս կարգավորմամբ էլ, ըստ նրա, եթե ոստիկանության ծառայողն ունի 20 մլն և դրան համարժեք դրամի տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա այդ դեպքում նույնպես թույլ չի տրվի անձին մասնակցել ատեստավորմանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործընթացը նախատեսվում է մեկնարկել այս տարվա հուլիսին:

Ըստ նախագծի, օրինակ, ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 190 հազար դրամի հավելավճար, մայորը՝ մինչև 350 հազար դրամ, իսկ գնդապետը՝ մինչև 560 հազար դրամ։