
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից հետաքրքրական տեղեկություններ են հասնում Երևան։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին` ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը։
Ռուսական կողմը ըստ էության իր հովանու տակ է վերցնում Տիգրան Սարգսյանին։ Շատերի համար պարզ էր, որ Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո կարող է քրեական հետապնդման ենթարկվել Հայաստանում։ Ռուսները կանխում են Հայաստանի նոր իշխանությունների հնարավոր ցանկությունները։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը պլաններ ունի, որոնցում դերակատարում պետք է ունենա Տիգրան Սարգսյանը և մինչ կգա ժամանակը՝ նրան պահում են իրենց մոտ՝ Մոսկվայում, հարմար ու ապահով մի պաշտոնի։