Տիգրան Ավինյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Բոստոնի հայ համայն...
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Բոստոնի հայ համայնքին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Բոստոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել եմ, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության #արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել #մարդակենտրոն դարձնելը։

Նշել եմ, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։ Համոզմունք եմ հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները, և կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար:

Ընդգծել եմ, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է #Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին և մտադիր է Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են համբերատար և հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև, #հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի #ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:

Բոստոն այցի ընթացքում ծաղիկներ եմ խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին»:

Այս թեմայով

0.494 second