Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։
Քաղաքապետի երդմնակալությունը տեղի ունեցավ Երևանի ավագանու հատուկ նիստում։
Արարողության մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո ներս բերվեց Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող դրոշը և զինանշանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան։
Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության համար դահլիճ էր բերվել մ․թ․ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որի վրա էլ ձեռքը դնելով՝ երդվեց Տիգրան Ավինյանը։
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ՝
Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Պարտավորվում եմ՝
հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի հարկի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- երդման տեքստն ընթերցեց Երևանի նորընտիր քաղաքապետը։
Երևանի քաղաքապոետի երդմնակալության արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։