Տիգրան Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները...

civilnet.am-ը գրում է․

2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։

Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի

Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։

Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում