The Washington Post-ը երեկվա «Սարդոստայն» գոր...

Հունիսի 1-ին ՌԴ ռազմական օդանավակայանների վրա Ուկրաինայի հարձակումը ռազմական պատմության մեջ նույն դերն ունեցավ, ինչ 1941 թվականին Ճապոնիայի հարձակումն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի նավատորմի կենտրոնական բազայի՝ Փեռլ Հարբորի վրա՝ ամբողջությամբ վերաշարադրելով պատերազմի կանոնները: 

Ինչպես գրում է The Washington Post-ի սյունակագիր Մաքս Բութը, Փեռլ Հարբորի վրա հարձակումը նշանավորել է ավիակիրների վերելքը՝ որպես ծովային պատերազմում գերիշխող ուժ։ Իր հերթին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական կործանիչների վրա բացահայտեց ամբողջ աշխարհում ավիաբազաների խոցելիությունը։

«Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խումբը, որի կառուցումը, հավանաբար, արժեր ընդամենը տասնյակ հազարավոր դոլարներ, կարող է 2 միլիարդ դոլարի վնաս պատճառած լինել Ռուսաստանի ամենաբարդ կառուցվածքն ունեցող ինքնաթիռներին»,- նշում է հեղինակը։

Ըստ Բութի՝ այս հարձակմամբ ուկրաինացիները հայտնաբերել են կրիտիկական խոցելիություն, «որը պետք է գիշերը արթուն պահի աշխարհի յուրաքանչյուր գեներալի»:

«Եթե ուկրաինացիները կարող էին անօդաչու թռչող սարքերն այդքան մոտ պահել ռազմականացված պետության նման հիմնական ավիաբազաներին, ի՞նչը կխանգարի չինացիներին նույնն անել ԱՄՆ-ի ավիաբազաների, կամ պակիստանցիներին՝ հնդկական ավիաբազաների, կամ հյուսիսկորեացիներին՝ հարավկորեական ավիաբազաների հետ», - հարց է հղում հոդվածագիրը: 

Արդյունքում, ՌԴ զինվորականները, որոնք կարծում էին, որ իրենց ավիաբազաներն ապահով են էլեկտրիֆիկացված ցանկապատերի և պահակակետերի միջոցով, այժմ ստիպված կլինեն հաշվի առնել երկնքից եկող սպառնալիքը, որը ներկայացնում են էժան, ամենուր տարածված անօդաչու թռչող սարքերը:

Ըստ հոդվածագրի՝ այս սպառնալիքի ֆոնին հսկայական ներդրումներ կպահանջվեն հակադրոնային համակարգերում: 

«Սարդոստայն» գործողությունը վճռական հարված չի լինի ռուս զինվորականներին, ինչպես Փեռլ Հարբորի վրա հարձակումը վճռական հարված չէր ամերիկացի զինվորականներին, նշում է լրագրողը։ Սակայն կիրակի տեղի ունեցած հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ուկրաինացիներն ապացուցում են, որ շատ ավելի դիմացկուն և հարմարվողական կռվողներ են, քան որևէ մեկը սպասում էր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ:

«Իհարկե, ռուսները սեփական անօդաչու սարքերն են կառուցում Իրանի օգնությամբ, բայց անօդաչուների մրցավազքում նրանք անընդհատ մեկ-երկու քայլ ետ են մնում ուկրաինացիներից, ինչպես նորից ցույց տվեց կիրակնօրյա գործողությունը»,- ընդգծում է նա։

Բացի այդ, ըստ Բութի, կիրակի տեղի ունեցած հարձակումը կարող է նաև խաթարել միջուկային կայունությունը, քանի որ նույն ռմբակոծիչները, որոնք սովորական թևավոր հրթիռներ են արձակում Ուկրաինայի դեմ, նախատեսված են նաև միջուկային զենք գործարկելու համար:

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների: Պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները 5 մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։

Անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության՝ ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։

Զելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի զեկույցը այս գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1,5 տարի։

«Միանգամայն փայլուն արդյունք: Ուկրաինայի անկախ արդյունք: Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում մեկ տարի, վեց ամիս և ինը օր: Մեր ամենաերկար պլանավորված գործողությունը: Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից», - ասել է նա:

Իր երեկոյան ելույթում Զելենսկին հայտնել է, որ այս գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության «գրասենյակը» տեղակայված է մարզերից մեկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։