Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ին հրաման էր ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը։ Հոկտեմբերի 10-ին նրանք ստիպված էին նահանջել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին մարտի դաշտում մենակ է թողել՝ ասելով, որ ինքը վիրավոր է։
Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Հոկտեմբերի 31-ին կայացած հերթական դատական նիստին գործով վկա Լևոն Բաբայանը հայտարարեց, որ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե հետո իրավիճակը հասկանալու համար հրետանու շտաբի պետին է զանգել, որն էլ զգուշացրել է, որ հակառակորդն արդեն Հադրութում է, և այնտեղ վտանգավոր է։ Նորակոչիկների գումարտակի անձնակազմի մի մասը, հետևելով Բաբայանին, կարողացել է փրկվել։ Մյուս մասը, որին չէին զգուշացրել հակառակորդի տեղակայման մասին, գնացել է սխալ ուղղությամբ եւ զոհվել։
Լևոն Բաբայանը հոկտեմբերի 8-ից Ջրականի գնդի հակատանկային մարտկոցի հրամանատարի պաշտոնն է զբաղեցրել։ Մինչ այդ եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի կեսերին հրաման է ստացել տեղափոխվել 5-րդ ուսումնական գումարտակ՝ որպես գումարտակի հակատանկային դասակի հրամանատար։ Սակայն սեպտեմբերի 26-ի գիշերը նրան միացրել են 4-րդ գումարտակին, քանի որ այնտեղ հակատանկային դասակի հրամանատար չի եղել։
«Վահանյանը կաղալով իջնում էր, ասում էր՝ վիրավոր կա, կամազը կանգնեցրե՛ք, հետո տեսել եմ, որ վարորդի կողքը նստած գնացել ա»․ վկա
Լևոն Բաբայանը դատարանին հայտնեց, որ հոկտեմբերի 5-ին կամ 6-ին եկել է «Թոզարան» (տեղամաս Հադրութում- հեղ․), որտեղ էլ տեսել է ուսումնական գումարտակին։
Դատախազ Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այդ հատվածո՞վ է առաջնագիծն անցել։
«Այդ ժամանակ ադեն այո, որովհետև հակառակորդն արդեն «Չռիկների» անտառում էր»,- ասաց Բաբայանը։
Վկան նշեց, որ հոկտեմբերի 5-ին կամ 6-ին Իշխան Վահանյանին հանդիպել է «Թոզարանում», բայց վիրավոր չի տեսել։ Բաբայանը մինչև հոկտեմբերի 7-ը եղել է այնտեղ, 7-ի երեկոյան գնացել է Հադրութի դպրոց։
Հոկտեմբերի 8-ին Իշխան Վահանյանը նշանակվել է 5-րդ գումարտակի հրամանատար, իսկ Բաբայանը՝ գնդի հակատանկային մարտկոցի հրամանատար։
Մանրամասները՝ «Հետք»-ում



