Թեղուտ և Շնող համայնքների շուրջ 150-200 բնակիչները մոտ կես ժամ առաջ բացել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը, բողոքի ակցիան դադրեցվել է: Այս մասին Politik.am-ին հայտնեց Թեղուտ վարչական շրջանի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը:
«Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և բողոքող բնակիչները պայմանավորվածության եկան, որ կդադարեցնեն բողոքի ակցիան, մինչ համայնքապետը կհանդիպի «Թեղուտ ՓԲԸ»-ի տնօրինության հետ և կներկայացնի բնակիչների պահանջները»,-նշեց Նորեկյանը:
Վարչական ղեկավարն ասաց, որ ակցիայի ընթացքում «Թեղուտ ՓԲԸ»-ի ներկայացուցիչներից որևէ մեկը մեկնաբանություն չի տվել, բնակիչներին չի հանդիպել:
Վերջիններս ակցիա չեն իրականացնի մինչև երկուշաբթի: Եթե մինչ այդ չստանան իրենց հարցերի պատասխանները, բողոքի ակցիաները կշարունակվեն:
Հիշեցնենք՝ բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։



