Մեր ցանկացած ուղևորի խնդիրների լուծմամբ թերևս ամենաշահագրգիռը FlyOne Armenia ընկերությունն է: Այս մասին politik.am-ի հետ զրույցում ասաց FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ»-ի հոդվածին, ըստ որի՝ երկու ուղևոր, որոնք FlyOne Armenia ընկերությունից օգտվել են, կորցրել են իրենց ուղեբեռը:
Արամ Անանյանը վստահեցրեց, որ երկու դեպքն էլ ուսումնասիրել են, և հրապարակումը փաստական ճշգրտումների կարիք ունի: «Ուղևորներից մեկի ուղեբեռը ժամկետի մեջ հայտնաբերվել է և վերադարձվելու է ուղևորին: Երկրորդ ուղևորի հետ կապված, ուղևորին ներկայացվել է այն ընթացակարգը, որով ինքը պետք է շարժվի, մեր զանգերի կենտրոնը պարբերաբար կապի մեջ է եղել ուղևորի հետ և առկա ընթացակարգով պրոցեսը շարունակվում է»,- ասաց նա և նշեց, որ բոլոր զանգերը ձայնագրվել են:



