Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում էին Կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) գործունեության և ստուգումների 2026 թվականի տարեկան ծրագրերի և բյուջետային հայտի նախագծի քննարկումը, 2025 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների հաստատումը և այլ հարցեր:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է ԿՏՄ գործունեության ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ առանձնացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունումն ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի հաստատումը և Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը՝ որպես միջազգային ձևաչափերին հետևելու և դրական դինամիկա արձանագրելու նոր հնարավորություն:
Նիստի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի կարևոր խնդիրների և տեսչական գործառույթների առաջնահերթությունները, կատարված աշխատանքների արդյունքները՝ ոլորտի զարգացման նոր ուղենիշների համատեքստում։



