Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական և գործնական խնդիրներին, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման հիմքերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության շրջանակում պատասխանատվության միջոցներին և այլն:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվել են ՏՀԶԿ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման ու հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, դատական համակարգի անկախության, դատախազական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ: Զեկուցվել է նաև ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում առկա հանձնառությունների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Զեկույցների վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաջարկվող լուծումների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հանձնառությունների կատարման ընթացակարգերի շուրջ:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները և հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:



