Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների...

Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցներ։

Նիստի օրակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի ներկայացումն էր։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով պետության կողմից իրականացվող միջնաժամկետ ծախսային ծրագրերի ձևավորման գործում նաև հասարարակական կազմակերպությունների աջակցության դերը, նշել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտում առկա միջոցառումներին զուգահեռ կան նաև նոր նախաձեռնություններ, որոնց իրականացումը ապահովելու է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերություն։ Վերջինս խոսել է նաև ժողովրդագրության ռազմավարությունից բխող այն գործողությունների և միջոցառումների մասին, որոնք նպաստելու են համայնքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներուժի լիարժեք օգտագործմանը։

Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների բնակչության ցուցանիշների համեմատական ուսումնասիրության արդյունքները։ Խոսել է նաև Հայաստանում տարեց անձանց տարբեր տարիներին առկա թվաքանակի աճի կամ նվազման, դրանց վրա ազդող հանգամանքների մասին։

Վերջինս անդրադարձել է ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտում կիրառվող օրենսդրական փաստաթղթերին, շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայություններին, շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների զարգացման աշխատանքներին։

Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները քննարկել են ոլորտում առկա խնդիրները, 2026-2028թթ․ հայտում ներառված միջոցառումները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։