Տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյ...

Վիզայից զերծ ճամփորդությունների հնարավորությունն ավտոմատացված չէ, այն կախված է բարեփոխումների իրականացումից, և երբ այն տեղի ունենա, վիզաների ազատականացումը կարևոր օգուտներ կբերի ՀՀ քաղաքացիներին, նաև ԵՄ բնակչությանը: Այդ մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները:

«Այն ավելի հեշտ, դյուրին և բավականին մատչելի կդարձնի ճամփորդությունները դեպի ԵՄ կարճաժամկետ նպատակներով: Սա մեր երկուստեք հետաքրքրության տիրույթում է»,- ասաց նա:

Ըստ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի՝ 2023-2024 թվականներին Հայաստանից կարճաժամկետ վիզաների համար դիմումները 10 տոկոսով աճել են, գրանցվել են ավելի քան 100 հազար դիմորդներ, ինչը ցույց է տալիս ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունը՝ ճամփորդելու դեպի ԵՄ:

«Սա դրական առաջընթաց է, բայց միաժամանակ տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ կառավարելու դիմումների հերթերը: Նաև աշխատում ենք ԵՄ գործընկերների, ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի սահուն դարձնենք և ավելի հեշտացնենք գործընթացը լրացուցիչ անձնակազմ ներգրավելու միջոցով:

Տեղեկատվական քարոզարշավը շենգենյան վիզաների համար նպատակ ունի ավելի թափանցիկ դարձնել վիզաների դիմումների գործընթացը, ավելի դյուրին դարձնել ու նվազեցնել սպասելաժամանակը վիզաների ստացման տեսանկյունից:

Մեր աջակցությունը Հայաստանին գեղեցիկ բառերից անդին է, մենք պրակտիկ ձևով ենք աջակցում»,- ասաց նա: