Տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցությ...

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ 

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ 

Ըստ այդմ, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, 

  • ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, 
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
  •  Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով, 
  • Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։