Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի...

Դատարանը սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նշենք նաև, որ ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, գումարի պահը հերքվել է, պաշտպանական կողմը ողջ մեղադրանքն է որակում անհիմն։ Հետևելով պրոցեսներին տպավորություն ենք ստանում, որ իշխանությունները, և նրանց ենթակայության տակ գործող դատավորներն այս քայլերով փորձում են ընդդիմադիր զանգվածի աչքը վախեցնել: Ի վերջո` ի՞նչ տվեց Արեգնազ Մանուկյանի` մի քանի ամիս տևած բանտային կալանքը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասում է. «Նախ պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ այստեղ իրավական պրոցես գոյություն չունի, մենք գործ ունենք քաղաքական բացահայտ պատվերի հետ, և անգամ, որ ընթերցում ենք գործի նկարագրությունը, ակնհայտ է դառնում, որ սա պատվեր է` մեկ անձի կողմից: Այս ամենը ինձ հիշեցնում է Գյումրու իշխանափոխությանը հաջորդող պրոցեսը: Անդրանիկ Թևանյանը դեռևս տարեսկզբին բարձրաձայնել էր, որ կարող է տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Գյումրու իշխանափոխությունից հետո: Որպեսզի այդ ամենը տեղի չունենա, իշխանությունները գնացին քաղաքական խայտառակ պատվեր տալու ճանապարհով: Քննչականը բալլադ հիշեցնող մի տեքստ էր հրապարակել, ինչից հետո գործ հարուցեցին, ձերբակալեցին, կալանավորեցին մարդկանց: Այն, ինչ ասում էին ամենասկզբում` հավաքագրում, լրտեսություն, 622 հազար դոլարի ստացում, և այլն, այս բոլորը չկան դատարան ուղարկված գործում: ԲՀԿ-ի ձայները գողացան, և այդ պրոցեսը սկսեցին Անդրանիկ Թևանյանի ձերբակալումով, նա էր ցուցակի երկրորդ համարը, և միայն այդ պրոցեսից հետո ԿԸՀ-ն ԲՀԿ-ին ուղղակի, հենց այնպես որոշեց դուրս թողնել պրոցեսից, գողանալով 60 հազար քվե: Արեգնազ Մանուկյանի դերը այստեղ այն էր, որ նրանից այս ապօրինի և պատվիրված գործի շրջանակներում փորձել են ցուցմունքներ կորզել` Թևանյանի հետ կապված, այդ ամենի արդյունքում էլ նրան արգելում էին շփվել իր անչափահաս երեխայի հետ, սակայն հանրային աղմուկից հետո հանեցին այդ սահմանափակումը: Իրավապահները հասկանում են, որ այս «փուչիկը» շուտով պայթելու է, և անիմաստ համարեցին Արեգնազին բանտում պահելը, սակայն տնային կալանքը նույնպես շատ խիստ խափանման միջոց է անմեղ մարդու համար: Եթե բանտում տեսակցությունների արգելքը վերջին շրջանում հանել էին, և նրան այցելում էին իր հարազատները, բարեկամները, ապա հիմա տնային կալանքի մեջ նրան` բացի իր ընտանիքի անդամներից որևէ մեկը չի կարող տեսակցել: Այս ֆարսի, խայտառակության շրջանակներում նման խափանման միջոց կիրառելը ևս անընդունելի է: Մենք պարբերաբար կոչ ենք անում, որ դատական նիստերը բաց տեղի ունենան, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է կատարվում: Մենք պնդում ենք, որ պրոցեսը կեղծ է, դատարանը պնդում է, որ կեղծ չէ, դե այդ դեպքում թող բաց դատական նիստեր անցկացնեն, և հանրությունը կտեսնի: Ի դեպ, ասեմ ձեզ, որ դատական նիստերի ընթացքում Անդրանիկ Թևանյանը ինքն է հանդես գալիս մեղադրողի դիրքերից, պնդելով, որ այդ գործը խայտառակ քաղաքական հետապնդման արդյունք է: Ի դեպ, նաև նշեմ, որ Թևանյանի խափանման միջոցի հարցը դեռ չի քննարկվել, սակայն Հանրային հեռուստաընկերությունը լծվել է այդ կեղծիքի տարածմանը, և մի ռեպորտաժ է պատրաստել, որում լրագրողը պնդում է, թե իբրև Քննչականի ներկայացրած մեղադրանքի ծավալն ամբողջապես պահպանվել է, ինչը մեծագույն սուտ է, հիմնական տեքստից չնչին բաներ են մնացել: Այնպես որ Հ1-ը ստի և կեղծիքի տարածման համար պետք է հավասարապես պատասխանատվության ենթարկվի»: