Տեսանյութ. Վաղարշապատի ոստիկանները մեթամֆետամ...

Հունվարի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 37 տարեկան 2 տղամարդու։

Ոստիկանությունից  հայտնում են, որ [ուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինով փաթեթ, իսկ պայուսակում՝ սպիտակ փոշենման հետքերով պլաստմասե 3 խողովակ, ապակե սրվակով ռետինե խողովակ և տարբեր անվանական արժեքներով 12 հուշանվեր թղթադրամ։

Էջմիածինցի տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով։

32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են 2000 և 5000 անվանական արժեքով 3 հուշանվեր թղթադրամ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հունվարի 30-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանների ստուգողական այցելության ընթացքում 32-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է ներկայացնել այն ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել շուրջ 79 գրամ մարիխուանայով փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։