«Մուրազի Ժամ». Վանեցյանի նվերը իշխանություններին եւ ընդդիմության մեծ խնդիրը
Օրերս Ազգային Ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշեցին հրաժարվել իրենց հասանելիք պաշտոններից ի պատասխան իշխանության անօրեն նախաձեռնության, որով Իշխան Սաղաթելյանին զրկեցին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից։
Հրաժարվեցին բոլորը, բացի ընդդիմության քվոտայով Մարդու իրավուքնների հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանից։ Նա մասնավորապես հայտարարեց, թե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը պահում է և լինելու է անկախ պատգամավոր։
Սկսկենք նրանից, որ 2015 թվականին ընդունված սահմանադրությամբ և դրանից հետո ընդունված Ընտրական օրենսգրքով չկա անկախ պատգամավորի կարգավիճակ- ինստիտուտ։ Պատգամավորն իր հայտարարության մեջ նաև նշում է, որ սոլիդարություն կլիներ, եթե Արթուր Վանեցյանի հետ բոլորը մանդատները վայր դնեին ու քանի որ նման որոշում չի եղել, ապա ինքն էլ կարող է անտեսել, իսկ իրականում «թքել» 340 հազար ընտրողների երեսին և պահել պաշտոնը, որը իրեն չի պատկանում։
Ժողովրդի տված մանդատի մասին
Պատգամավոր Թովմասյանը նույն հայտարարության մեջ խոսում է «ժողովրդի կողմից տրված պատգամի» մասին, մոռանալով, որ իր հայրենիք Վարդենիս համայնքում ինքը ստացել է ընդամենը 291 ձայն։ Թովմասյանը վերջին ընտրություններին չի մասնակցել, որպես առանձին քաղաքական միավոր, ուստի ժողովուրդը իրեն ոչ մի մանդատ էլ չի տվել։
Ավելին, պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշիքնները ևս սահմանափակ խնդիր լուծելու համար են մանդատ ստացել։ Շատերը անգամ դեմ լինելով այս գործիչների որոշ քայլերի, քվեարկել են նրանց թիմերին, որպեսզի նրանք հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Այս դաշինքները բացի Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց, այլ մանդատ չեն ստացել ու բնական է, որ դաշիքնների առանձին անդմաների մանդատ ունենալու մասին խոսելը արդեն ծիծաղելի է։
Քաղաքական պատասխանատվության մասին
Թագուհի Թովմասյանը պատգամավոր է դարձել «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմով «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Թովմասյանի քաղաքականապես այս ոչ բարոյական քայլի համար պատասխանատու է առաջին հերթին Արթուր Վանեցյանը։ Նա պատասխանատու է նաև Իշխան Զաքարյանին ԱԺ տանելու համար, որը նույնպես ընդդիմադիր քաղաքացիների ձայներով պառլամենտ անցնելով սպասարկում է իշխանություններին։ Վանեցյանը դեռ պետք է հրապարակային պատասխան տա, թե ինչո՞ւ է պառլամենտ տարել մարդկանց, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում թռել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գիրկը։ Պատասխան չլինելու դեպքում կարող ենք վստահ ասել, որ նա ևս իշխանությունների հետ համագործակցության շրջանակում է գործում։
Պարզից էլ պարզ է, որ կատարվածի համար Արթուր Վանեցյանը ինքնակամ պատասխանատվություն չի ստանձնի։ Այստեղ կարևոր է, որ ընդդիմադիր ըտրողը ստիպի Վանեցյանին և մյուս ընդդիմադիր ուժերին գործել 2021 թվականին ստանձնած պարտավորությունների շրջանակում։
Մի բան հստակ է, եթե հանրությունը ցանկանում է ստիպել իշխանություններին անել կամ չանել ինչ որ բան, ապա առաջինը պետք է կարողանա ստիպել իր ձայնով ընդդիմադիր դաշտում գործող ուժերին։ Թագուհի Թովմասյանի բացարձակ ցինիկ քայլն ըստ էության հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները հանրային պարսավանքի, հասարակական կարծիքի ճնշման միջոցով ստիպեն ընդդիմադիրներին գործել։ Մի բան հստակ է, եթե ընդդիմությունը Թագուհի Թովմասյանին չի պատժում ու հանձնաժողովի նախագահի պաշտոնը հետ չի վերցնում, ապա դա երկու բան է նշանակում․
1․ Ընդդիմությունն անգործունակ է ու անգամ ոչ մի լծակ չունեցող, իրենց միջոցով պատգամավոր դարձածի հարցը չի կարողանում լուծել (այսպիսի ընդդիմությանը պետք է ավելի շուտ մերժել ու նետել պատմության աղբամանը, որպեսզի հնարավոր լինի իշխանության հարցերը նորմալ ընդդիմությամբ լուծել)
2․ Ընդդիմությունը պայմանավորվածություն ունի Թագուհի Թոմասյանի, ըստ էության իշխանությունների հետ ու ինքն էլ պատրաստվում է դավաճանել 2021-ին իրեն ընտրած ժողովրդին ու հենց դրա համար չի պատժում պատգամավորի քայլը, որը նաև ինքն է կրկնելու (այս դեպքում պետք է դադարել այդ ուժերին համարել ընդդիմություն և նրանց պետք է մերժել իշխանության հետ միասին)
Արժանապատիվ հանրությունն այս պահին այլ ճանապարհ չունի՝ կամ մենք պետք է ընդունենք, որ մեր հանրության, անգամ ընդդիմադիր հանդես եկող, «հայրենիքը Նիկոլից փրկել» ցանկացողների համար ևս ընդունելի է դավաճանությունը, պարզապես պետք է որ դավաճանը «մերոնքական» լինի, որպեսզի չնկատելու տանք։ Եթե հանրությունը պարսավանքի ուժով չպատժեց դավաճանություն գործած Թագուհի Թովմասյանին չպատժող ընդդիմադիրներին, ապա պետք է վստահ լինել, որ մեր պատմության էջը փակված է։
Ընդդիմությունն ունի իրավական ճանապարհ
ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքը ընդդիմությանը տալիս է գործիք շատ արագ Թագուհի Թովմասյանի ձեռքից վերցնելու հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նշված օրենքի 150-րդ հոդվածի 1,3 համաձայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը կարող է նիստ անել և Թագուհի Թովմասյանին հեռացնել խմբակցությունից, որից հետո ավտոմատ կերպով դադարում են իր հանձնաժողովի նախագահի լիազորությունները։
Այստեղ քաղաքական իմաստով կարևոր է նաև «Հայաստան» դաշինքի դիրոքորոշումը, քանի որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը Դոնթի բանաձևի համաձայն իրենցն է ու իրենք են դա զիջել «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Հիմա իրենք ևս պետք է հրապարակային դիրքորոշում արտահայտեն, որպեսզի հանրությունը իրենց ևս գնահատելու շանս ունենա։
Ավարտելով, արձանագրենք, որ կա քաղաքական ամենալկտի, ցինիկ ձևով 340 հազար քաղաքացիների ձայնը գողանալու փաստը, կա կոնկրետ մեղավոր, կան ընդդիմադիր խմբակցությունների տեսքով պատասխանատուները, կա լուծման ճանապարհն ու հանրության անելիքը։ Ոմանց համար փոքր թվացող այս միջադեպը իրականում մեր իրական վիճակի մասին ամենաուղիղ թեստն է լինելու։ Ու հենց այս պատմությունն է ցույց տալու՝ կարող ենք Փաշինյանին հեռացնել, թե շարունակելու ենք ձև բռնած շարքով գնալ կառափնարան։
Մանրամասները՝ տեսանյութում



