Տեսանյութ․ Ծառուկյանն իր դիրքերում է, իսկ Ալե...

Ընդհանրապետ հոխորտանքը հատուկ է, ինչպես ասում են, սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մարդկանց։ Այն նաեւ կարող է մատնել մարդկանց մոտ առկա վախերը։ Դժվար է ասել, թե ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ որ դեպքն է, սակայն նրա հոխորտանքը, որի ականատեսն եղանք օրերս՝ ուղղված ԲՀԿ-ին, մի փոքր անհասկանալի է։

Եթե Ալեն Սիմոնյանը լիներ օրինակ համոզված պայքարող, կյանքի մեծ մասը քաղաքական պայքարում անցկացրած լիներ, քաղաքական հայացքների համոր բանտարկված կամ աքսորված լիներ, մի խոսքով, եթե ապացուցած լիներ իր համոզմունքների կայունությունն ու որպես քաղաքական գործիչ՝ անդրդվելիությունը, կարելի էր հասկանալ, որ մարդը, ինչպես ասում են, ունի «ամագ» Հայաստանի քաղաքական դաշտում եւ կարող է թեկուզ րոպեական պոռթկման պահին իրեն թույլ տալ քաղաքական գործչի համար անցանկալի բաներ։ Սակայն արձանագրենք, որ խոսքը Ալեն Սիմոնյանի մասին է, եւ ոչ թե Անդրեյ Սախարովի նման գիտնականի եւ իրավապաշտպանի։ Հետեւաբար, Ալեն Սիմոնյանի հոխորտանքը մեղմ ասած անհասկանալի է։

Նախ, որովհետեւ հիմա Ալեն Սիմոնյանը ասում է բաներ մի կուսակցության հասցեին, որին համարվում էր 2012 թվականին քաղաքական լուրջ ուժ, ով կարող է հասնել իշխանափոխության, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ համարում էր այն գործիչը, ով ի զորու է փրկել Հայաստանը։ Հիշեցնենք, որ իր հարցազրույցներում նա ասել է․ «Կարծումեմ, միակ թեկնածուն, ով կարող է այսօր ռեալ մրցել Ծառուկյան Գագիկն է»։ «ԲՀԿ-ն մեծ կառույց էեւ աշխատող կառույց է։ Կա կառույց, կա կուսակցության ղեկավար ով ընկալելի է հասարակության զգալի զանգվածի կողմից»։

Ալեն Սիմոնյանը մեղմ ասած, որեւէ իրավունք չունի որեւէ բառ ասելու, որովհետեւ եթե նա խոսի, նա պետք է առնվազն բացատրություն տա իր թիմի անունից Շուշին հանձնելու, պատերազմում կրած ծանր պարտության եւ խայտառակ եռակողմ հայտարարության մասին։ Ինչ է ստացվում, որ պատերազմի ավարտից երեք ամիս անց, գործող իշխանությունն ի դեմս Ալեն Սիմոնյանի, այնքան ինքնավստահ է զգում իրեն, որ կարող է իրեն թույլ տալ ընդդիմության պահվածքից դժգոհել, հայտարարել ժողովրդի անունից, որ ժողովուրդը հոգնել է ընդդիմությունից եւ այլն եւ այլն։ Այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը վախից լոգարանում անցկացրած մարդը արդեն դուրս է եկել դեպրեսիայից եւ կարող է համարել, որ ինքը եւ թիմը մարսել են 5000 զոհված հայորդիների արյունն ու արդեն ժամանակն է հոխորտանքի։

2012 թվականից մինչեւ 2021 թվական ԲՀԿ-ն մնացել է կայուն իր դիրքերի վրա։ Հաստատուն է մնացել նաեւ Գագիկ Ծառուկյանը որպես կուսակցության ղեկավար։ Այս առումով բան չի փոխվել։ Փոխվել է կարծես թե միայն Ալեն Սիմոնյանի համոզմունքները։ Իսկ դա քաղաքականության ասպարեզում լավ տոնայնություն չէ, քանի որ փոփոխականությունը քաղաքականության մեջ լրջության դեֆիցիտին է համարժեք։ Կարծում ենք այսքանը կարող է Ալեն Սիմոնյանը հասկանալ։ Ի դեպ, Հայաստանում Նիկոլից ազատվելու կամ իշխանափոխության համար էլ Ալեն Սիմոնյանը լավ խորհուրդ է տալիս՝ «Այո, կարծում եմ քվեարկելով է հնարավոր հասնել իշխանափոխության»։