Տեսանյութ. Փաշինյանը բաց տեքստով կոչ է անում...

ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ  Աթուր Խաչատրյանը նշեց․

 Սիրելի հայրենակիցներ,

Երեք օր առաջ մենք լսեցինք կառավարության ծրագրի 2022թ թվականի կատարողականի զեկույցը։ Զեկույցում արտացոլված բազմաթիվ թեմաներին կցանկանայի անդրադառնալ՝ մանավանդ տնտեսական աճի մասին գեղեցիկ լեգենդին, բայց ժամանակի սղության պատճառով կխոսեմ երկու հարցի մասին։

Առաջինը վերաբերվում էր մեր պատմությանը և մեր դարավոր իղձերին։ Պարոն Փաշինյանը կոչ արեց «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»։ Իր միտքն ավելի հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե Արագածի նկարներ տանը կախված չեն, Արագածի մասին ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ գիտեն քան Արարատի։ Գիտեք․․․ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը հասարակությունը հինգ տարի է փորձում տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝  հներ և նորեր, սևեր և սպիտակներ․․․Բայց փորձել իրար հակադրել սարերը․․․ Դա արդեն նորություն էր։ Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչու՞ է կոչ անում սիրել Արագածը, սենյակներում Արագածի նկարը կախել։ Պրն․ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, մեր տներում Արարատի նկարն ենք կախում ոչ թե այն պատճառով, որ Արարատն ամենագեղեցիկ լեռն է (Կիլիմանջարոն ու Ջոմոլունգման էլ են գեղեցիկ), այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում են հայկական և ինչ որ մի տեղ, հոգու խորքում, հույս ունեն, որ դեռ կվերադառնան Արարատ լեռ։ Պրն․ Փաշինյանն այսօր, բաց տեքստով, կոչ է անում թաղել այդ հույսը, համակերպվել կորստի հետ։