Տեսանյութ. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա Արմանիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:

«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Տիկին Արմանին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինձ համար պարտավորվածություն է: Սա նշանակում է, որ հիմա ես շատ ավելի լուրջ և շատ ավելի խոր ձևով պետք է ծառայեմ հայրենիքիս»,-ասել է նա: