«Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ են։ Ընդ որում, Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պետք է խորը ուսումնասիրություն անել՝ հասկանալու սահմանին, շփման գծում տեղաշարժերի, կուտակումների վտանգավորությունը, ինչ նպատակներ են դրանք հետապնդում։ Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում»,- ասաց պատգամավորը։
Միաժամանակ բանախոսը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ, հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը սպառազինության և զորքերի տեսանկյունից, բավականին կարճ ժամանակում հնարավոր է զորքերի տեղաշարժ, համապատասխան խնդիրների առաջադրում ու միանգամից իրավիճակի թեժացում։
«Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Հայաստանի իշխանության կողմից հայտարարված այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից, առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա, այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը։ Իմ կարծիքով, դրանք բավականին վաղ էին հատվել, բայց իրավիճակն է, ըստ էության, շատ նման փակուղայինի, ինչը, բնականաբար, այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։