Տեսանյութ. Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիա...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

«Առաջինը հանրային կոնսոլիդացիան է. սա ուղղակի անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու: Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, օդում: Սովորաբար կոնսոլիդացիան լինում է բարձր նպատակների հասնելու համար: Հիմա ինչ մտքեր են հնչեցնում. միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար:

Գիտե՞ք կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա: Կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դե կոնսոլիդացիա: Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չեմ հասկանում՝ դա չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակաուղղված:

Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել՝ հանրային կոնսոլիդացիա կապիտուլյացիայի համար:

Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ. խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդիրը և չեզոքացնես այն: Հիմա մեզ ասում են՝ միավորվենք խնդրի շուրջ, բայց մեր նպատակը ո՞րն է՝ փրկել Հայաստանը, թե փրկել Հայաստանի պրոբլեմը:

Եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, ապա պետք է դա ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդի կամք պահանջող նպատակների համար: Հենց այս կոնտեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է:

Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, այն խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական կամ մասնակի: Օրինակ՝ երբ խորհրդարանն ընտրում է վարչապետի, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի մոտ: Սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում: Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է»: