Տեսանյութ. Այսօր իշխանության գալը ավելի շատ պ...

Ճգնաժամից երկրներին դուրս է հանում իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը հասնել իշխանափոխության և հետո հաղթահարել այն ճգնաժամը, որը կա: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հարցին՝ կոնկրետ ինչ լուծումներ է նա առաջարկում ճգնաժամից դուրս գալու համար:

«Ճիշտ հասցեատիրոջ չեք ուղղում Ձեր հարցը: Անվտանգային ճգնաժամ է, Դուք ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում, նա եմ առաջարկում ինչ առաջարկել ենք՝ կոնսոլիդացիա, հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ թե կապիտուլյացիայի համար: Այդպիսի կոնսոլիդացիայի կարիք չկա, իսկ եթե դրա կարիքն ունի իշխանությունը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, ինչո՞վ է դա արտահայտվել: Խոսում ենք ինչ-որ կոնսոլիդացիայի մասին, իսկ որտեղի՞ց եք որոշել, որ իշխանությունը այդպիսի կոնսոլիդացիայի կարիք ունի, չունի, որովհետև ինքը պատրաստ չի  բարձր նպատակների համար միավորել ժողովրդին, հակառակը... Մենք ՝ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության՝ «Ազգային փրկության շարժում», «Դիմադրության» շարժում, ես պատրաստ եմ եղել ստանձնելու պատասխանատվությունը  և ասեմ՝ այսօր իշխանության գալը ավելի շատ պատիժ է և առաքելություն: Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը: Ես համաձայն եմ տվյալ դեպքում Առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այո' այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել: Սա է տարբերությունը: Ես փորձել եմ գալ իշխանության, գլխավորել եմ «Հայաստան» դաշինքի ցուցակը, չի ստացվել, ուրեմն դեռ այս ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը իշխանության վրա է, իրենք չեն առաջարկել պայքարի բանաձև, որը կարող է մեզ ոգևորել և քննարկման  առարկա դանալ մեր շրջանակներում, իսկ միավորվել երկիրը հանձնելու համար, կամ հերթական կապիտուլյացիա ստորագրելու համար, կարիք չկա»,-ասաց Երկրորդ նախագահը: