ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-
հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի
Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի
Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն
ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն:
Նշված անձնավորությունը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր՝ հեռախոսային խոսակցությունների
միջոցով թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելով հայ-
իրանական սահմանի հարևանությամբ՝ իրանական կողմում բնակվող հանցակցի հետ: 2021 թվականի հունիսի 22-
ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ
պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով
«Մարիխուանա» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներով փաթեթը՝ օժանդակող անձնավորությունը պատվիրատու Խ.
Թ-ին հանձնելու նպատակով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել,
քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված
ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները:
Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու
համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է
բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի
22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձևով
պահելով իր մոտ և Բարսելոնա-Վարշավա-Երևան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային
օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-
հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել
է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք
անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել
կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես
նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց
ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: