Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենս...

2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդից:

Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։

Ներկայումս Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, գիտակցության մեջ է, և վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական թիմի գնահատմամբ՝ ակնկալվում է բարենպաստ ընթացք, և այս պահին այլ միջամտությունների կարիք չկա։

Տեսակցությունները ժամանակավորապես սահմանափակված են՝ հաշվի առնելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կարգը․ հիվանդասենյակ տեղափոխվելու դեպքում տեսակցությունները կկազմակերպվեն սահմանված ժամերին։

Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մաստերմեդ» ԲԿ-ի բժշկական թիմին՝ արագ և մասնագիտական աշխատանքի համար, և կոչ է անում հավատավոր մեր ժողովրդին՝ աղոթքով զորակցել Տեր Վրթանես քահանային՝ նրա շուտափույթ ապաքինման համար։