Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը և Փաշինյանը աշխարհա...

Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բանակցություններ են վարում՝ հաջորդ ընտրություններին «նոր ճակատով, նոր դեմքով» մասնակցելու նպատակով։
Ոմանց այս լուրը կարող է զարմացնել, բայց քաղաքական դաշտին ծանոթ գործիչների համար սա ոչ միայն անսպասելի չէր, այլև մի փոքր ուշացած է։ Հատկապես վերջին տարիներին Տեր-Պետրոսյանի թիմից մնացած հատվածի ֆինանսական և քարոզչական բեռը իր ուսերին է տանում Սերժ Սարգսյանը։ Բայց եթե այս հոգածությունը չլիներ, միևնույն է՝ նրանք գաղափարական նույն դաշտում են կամ աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ են գտնվում։ Գլոբալ առումով նույն միջազգային օրակարգի շրջանակում է նաև գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատահական չէր, որ Թուրքիայում հայ աշխատող Գարո Պայլանի՝ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումների շարքից հետո հնչեց հայտարարություն, որ երեքով պետք է միավորվեն, քանի որ նրանք նույն նպատակն ունեն ու միասին ավելին կարող են անել։
Շատերի համար կարող է անիրական թվալ, որ Նիկոլ Փաշինյանն էլ այս երկու գործիչների հետ «նույն տանիքի տակ» է։ Նրանք կպնդեն, թե Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը ամենավերջին ձևով են հրապարակային խոսել Փաշինյանի մասին, իսկ Փաշինյանն էլ՝ իհարկե՝ իրենց մասին։ Միամիտ մեր հայրենակիցների այս մոլորությանը վերջ տալու համար ասենք, որ Տեր-Պետրոսյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանին անվանում էր «մոնղոլ-թաթար», իսկ Սարգսյանն իր քարոզչական բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր համոզել, թե Տեր-Պետրոսյանը թուրքական գործակալ է։ Բանը հասել էր նրան, որ իրենց սպասարկող ֆեյք էջերով ակտիվորեն տարածում էին Տեր-Պետրոսյանի հոր՝ թուրք լինելու մասին տեղեկություններ։ Ծանոթ պատկերներ են, չէ՞։ Նույն մեղադրանքներն այժմ էլ լսվում են Տեր-Պետրոսյան–Սարգսյան–Փաշինյան տրիոյի միջև, բայց դա իրականում ոչինչ չի նշանակում։ Ինչպես հիմա ոչինչ չեն նշանակում 2008 թվականին փոխադարձ հնչած՝ մոնղոլ-թաթար կամ թուրք լինելու մեղադրանքները։
Գլոբալ առումով Տեր-Պետրոսյան–Սարգսյան–Փաշինյան տրիոն շատ կցանկանար, որ քաղաքական դաշտը ձևավորվի իրենցով կամ իրենց արբանյակներով։ Դա նրանց համար ամենաանվտանգ դասավորությունը կլինի։ 2026 թվականի ընտրություններին հենց այդ դասավորությունն են փորձելու ապահովել։ Տեր-Պետրոսյան- Սարգսյան տանդեմի մասին տեղեկությունները հենց այս նպատակին պետք է ծառայեն։ Իրենք կփորձեն նաև դաշտ մտցնել մի քանի սատելիտ ուժեր, որոնք իբրև իրենց հետ կապ չեն ունենա, բայց կկառավարվեն նույն կոնտրոնից։