Telcell-ը կշարունակի՞ «Սասնա ծռեր»-ի հետ համա...

«Սասնա Ծռեր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրվել, ըստ որի՝ Telcell-ի միջոցով հնարավոր է աջակցել «Սասնա Ծռեր համահայկական շարժմանը»։

«Այժմ դուք ունեք հնարավորություն Telcell-ի միջոցով աջակցելու Սասնա Ծռեր համահայկական շարժմանը, լինել նրա մի մասը, դառնալ Շարժման քաղաքական պատվիրատուն ու նաև այդ միջոցով պայքարել մեր ազգային ու մարդկային իրավունքների պաշտպանության համար»,- մասնավորապես, նշված է հրապարակման մեջ։

Դրանից հետո սոցիալական ցանցերում սկսեցին կոչ անել բոյկոտել Telcell ընկերությունը:

«Բոյկոտել ահաբեկչությունը սպասարկող Telcell վճարային համակարգը»։ Նման կոչով հանդես եկավ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Վերջինս նշել էր՝ Telcell ընկերությունը՝ «ահաբեկիչներին սպասարկող բիզնես ընկերություն է»:

«Բացի պասիվ բոյկոտից (ուղղակի չօգտվել իրենց ծառայություններից), նաև խորհուրդ եմ տալիս ակտիվ և տեսանելի բոյկոտ անել Telcell ընկերությանը, որն իրենից ենթադրում է` մտնել սույն վճարային համակարգի էջ և անլայք անել, եթե լայքել եք և ՊԱՐՏԱԴԻՐ don't recommend անել էջը` դնելով ցածր գնահատական և նշելով Ահաբեկչությանը ֆինանասավորելու փաստը»,-հորդորել էր նա։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ընկերությունը՝ նշելով, որ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում ««Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամին».

«Ավելին` Telcell-ը չի հովանավորում ոչ մի քաղաքական ուժի և չի աջակցում քաղաքական կուսակցություններին` անկախ նրանց գործունեության ուղղությունից։ Մեր ընկերությունը բաց է` համագործակցելու ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված առևտրային և ոչ առևտրային ցանկացած կազմակերպության հետ: (...) Telcell-ը իրականացնում է միմիայն դրամական փոխանցումներ և պատասխանատվություն չի կրում ծառայությունների, ապրանքների որակի, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գործունեության համար: (...) Հաշվի առնելով մեր հաճախորդների բողոքներն ու արձագանքները` մենք լրացուցիչ հայտարարություն կանենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու մեր քաղաքականության վերաբերյալ»:

Politik.am-ը փորձեց տեղեկանալ՝ արդյո՞ք բոյկոտն ազդել է ընկերության վրա: Մեզ հետ զրույցում Telcell ընկերության մարկետինգի ղեկավար Հմայակ Մուտաֆովն ասաց՝ ներքին կոմերցիոն ինֆորմացիա է՝ ընկերությունը տուժե՞լ է, թե՞ ոչ: Հարցին՝ ընկերությունը կշարունակի՞ համագործակցել «Սասնա ծռեր»-ի հետ, Մուտաֆովը պատասխանեց.

«Այս պահին տարբերանշանն առկա է»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հավանականություն կա՞, որ այն կհանվի, Մուտաֆովն ասաց, որ դրա մասին ևս հստակ պատասխան այս պահին տալ չի կարող: