Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 131-ի,...

ԱՄՆ Տեխասի նահանգում առնվազն 131 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, գետերի վարարումը կշարունակվի հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Ես պետք է նաև տեղեկացնեմ ձեզ, որ եղանակային պայմանների պատճառով այսօր և վաղը (գետերի վարարումը) կշարունակվի, և ավելի վաղ չտուժած շրջանները կբախվեն դժվարությունների», - հավելել է նա: 

Էբոթը նշել է, որ դեռ 97 մարդ անհետ կորած է: 

Տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են նաև Նյու Ջերսիի նահանգում, ինչի պատճառով նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ, ասվում է Նյու Ջերսիի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել ամբողջ նահանգում վարարումների և սաստիկ ամպրոպների պատճառով», - նշել է նահանգապետը: 

Մերֆին Նյու Ջերսիի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել և դուրս չգալ ճանապարհներ առանց հույժ անհրաժեշտության:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, հեղեղումներից տուժել է նաև հարևան Նյու Յորքի նահանգը, որտեղ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհները, ինչը լրջորեն ազդել է հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա: 

Վերջին անգամ նման մեծ մասշտաբի ջրհեղեղ, ինչպիսին Տեխասի նահանգում է, Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերին, երբ փոթորիկի պատճառով գետերն ափերից դուրս են եկել Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի նահանգներում, զոհվել է  ավելի քան 230 մարդ: