Թեհրանը «վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի ի...

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ բանակցություններ վարելու առաջարկով հանդես է եկել Օմանը։ Բաղային հավելել է, որ Թեհրանը «վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հիմնախնդրի և ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի շրջանակներում:

Միաժամանակ Իրանը պնդում է, որ այդ ծրագիրն օգտագործվում է խաղաղ ճանապարհով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և կլինի «ավելի ուժեղ»։

Ապրիլի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ Վաշինգտոնը պայմանականորեն համաձայնել է Թեհրանին քաղաքացիական միջուկային ծրագրի իրավունք տրամադրել, բայց պայմանով, որ այն հիմնված լինի միայն ներկրվող միջուկային վառելիքի վրա: Նա հավելել է, որ Սպիտակ տունը հավատարիմ է բոլորի համար ընդունելի խաղաղ արդյունքի հասնելուն։