Թեհրանը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ենթակառուցվածքները, եթե իրանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակում լինի, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Անմիջապես տարածաշրջանի նավթային ընկերություններին պատկանող բոլոր ենթակառուցվածքները, որոնցում ԱՄՆ-ն ունի բաժնեմաս կամ որոնք համագործակցում են նրանց հետ, կոչնչացվեն և կվերածվեն մոխրի լեռների», — նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
Զոլֆաղարին արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով սպառնացել էր ոչնչացնել Խարգ կղզու նավթային օբյեկտները, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն արդեն ամբողջությամբ ոչնչացրել է տարածաշրջանի բոլոր ռազմական թիրախները։
Axios-ի տվյալներով՝ Իրանի նավթի համաշխարհային շուկա մատակարարումների մոտ 90 տոկոսն անցնում է Խարգ կղզում, ինչը այն դարձնում է երկրի ռազմավարական առումով կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներից մեկը։
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցվել է։ Սա էականորեն ազդել է էներգակիրների գների վրա։ Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթի գները բարձրացան մեկ բարելի համար 119 դոլարից բարձր՝ առաջին անգամ 2022 թվականի հունիսից ի վեր, ինչը կազմում է 29-31% աճ: Բենզինի գները նույնպես աճում են, հատկապես եվրոպական երկրներում. փետրվարի վերջից ի վեր բորսայական գները աճել են ավելի քան 100%-ով:



