Թեհրանը երբեք չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իր իրավունքից, ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովում հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Շնորհավորելով Մոնղոլիային Զինաթափման համաժողովում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ Բահրեյնին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար աջակցությունն այս կառույցի բանակցային դերի վերականգնման ջանքերին։
«Զինաթափման համաժողովը, որպես զինաթափման ոլորտում միակ բազմակողմ բանակցային հաստատություն, պետք է պահպանի իր բանակցային բնույթը և թույլ չտա, որ այն դառնա զուտ երկխոսության վրա կենտրոնացած հաստատություն», - նշել է պաշտոնյան։
2025 թվականի զարգացումներին անդրադառնալով՝ Բահրեյնին հիշեցրել է Իսրայելի կողմից հունիսին Իրանի վրա իրականացված հարձակման մասին, որին հունիսի 22-ին միացել է ԱՄՆ-ն՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Բահրեյնին դատապարտել է հարձակումները և այդ գործողությունները որակել որպես ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի խախտում և ուժեղ հարված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։
Նա նշել է, որ Իրանը կպատասխանի ագրեսիայի ցանկացած գործողության՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։ Բահրեյնին նաև շեշտել է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը Իրանի անվիճելի և անհերքելի իրավունքն է, որից Թեհրանը երբեք չի հրաժարվի։ Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է իրական բանակցությունների՝ առանց նախապայմանների, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։



