Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելությ...

Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդրե վան Վիգգենը հապշտապ լքել է Իրանը՝ օդանավակայանում իրավապահների հետ ունեցած միջադեպից հետո: Ինչպես հաղորդում է The Tehran Times-ը, դիվանագետի ուղեբեռում հայտնաբերվել են լրտեսական նպատակներով օգտագործվող արգելված սարքավորումներ:

Միջադեպը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, երբ Դուբայից վերադարձող դիվանագետը հրաժարվել է իր ուղեբեռը հանձնել ռենտգենյան ստուգման՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը: Իրանական կողմը, սակայն, հայտարարել է, որ միջազգային կոնվենցիաները չեն ազատում զննումից, եթե խնդիրը վերաբերում է ազգային անվտանգությանը: Քանի դեռ ընթանում էին պաշտոնական ձևակերպումները, Վան Վիգգենը լքել է երկիրը:

Ավելի ուշ, դեսպանատան մեկ այլ ներկայացուցչի ներկայությամբ բացված ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են Starlink-ի երկու արբանյակային մոդեմ և յոթ արբանյակային հեռախոս: Այս սարքերը Իրանում արգելված են և հաճախ օգտագործվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ գաղտնի կապ ապահովելու համար: 

Հետաքննությունը պարզել է, որ Անդրե վան Վիգգենի անունը նախկինում հայտնվել է նաև WikiLeaks-ի փաստաթղթերում՝ որպես անձ, ով կարող էր օգնել ամերիկացի պաշտոնյաներին Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքագրելու հարցում: Դիվանագետը մինչ օրս Թեհրան չի վերադարձել: