«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մարդկանց խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչեց եւ հայտարարեց, որ նրանք իրավունք ունեն նմանօրինակ հավաքների միջոցով իրենց կարծիքն արտահայտելու»,- ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ անդրադառնալով դեկտեմբերի 28-ից Իրանում սկսված բողոքի ցույցերին։ Դեսպանի խոսքով. «Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության մեջ էլ մարդկանց այդ իրավունքը պաշտոնապես ամրագրված է: Սակայն, որքան ԻԻՀ կառավարությունը պարտավոր է ապահովել մարդկանց ազատ խոսքի եւ բողոքելու իրավունքը, նույնքան էլ պարտավոր է ապահովել հասարակության անվտանգությունը… Ոստիկանությանը համապատասխան հրահանգներ էին տրված՝ ապահովելու այդ անվտանգությունը։ Հիմնականում ոստիկանությունը զինված չէր: Բայց, ամեն ինչ փոխվել է հունվարի 9-ին եւ 10-ին, երբ ակնհայտ է դարձել, որ տեղի ունեցող գործընթացների նպատակն այն է, ինչին ականատես ենք եղել Սիրիայում»։ Նրա ձեւակերպմամբ՝ մարդկանց մի փոքրաթիվ խումբ կարողացել է յուրացնել եւ իրենով անել խաղաղ բողոքի ցույցերը, ինչի արդյունքում տեղի են ունեցել բախումներ եւ կրակոցներ՝ ուղղված թե ոստիկանության, թե քաղաքացիական անձանց դեմ։ Դեսպան Խալիլ Շիրգոլամին կատարվածը որակում է կազմակերպված հանցագործություն, որին, նրա պնդմամբ, մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք հատուկ պատրաստված էին մարդկանց սպանելու համար, քանի որ, դեսպանի փաստմամբ, ԱՄՆ նախագահ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, ԱՄՆ-ը կմիջամտի, ավելին, իսրայելցի պաշտոնյաները եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն հաստատել են, որ Մոսադի գործակալները գտնվում են Իրանում:



