Թեհրանն արձագանքել է Վաշինգտոնի առաջարկներին

Իրանը միջնորդների միջոցով պաշտոնապես ուղարկել է իր պատասխանը ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին՝ սահմանելով հակամարտության դադարեցման հստակ նախապայմաններ։

Ըստ «Թասնիմ» գործակալության իրազեկ աղբյուրի՝ Թեհրանը պահանջում է դադարեցնել թշնամական գործողությունները, տրամադրել պատերազմի չկրկնվելու երաշխիքներ, հստակեցնել վնասների փոխհատուցման կարգը և ապահովել կրակի դադարեցում բոլոր ճակատներում ու դիմադրության բոլոր խմբերի համար։

Իրանական կողմը նաև շեշտել է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես դիմացինի պարտավորությունների կատարման երաշխիք։

Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները Վաշինգտոնի բանակցային առաջարկները որակում են որպես «երրորդ խաբեություն»՝ պնդելով, որ ԱՄՆ-ն փորձում է ժամանակ շահել Իրանի հարավում նոր ցամաքային ագրեսիայի նախապատրաստվելու և նավթի համաշխարհային գները ցածր պահելու համար։ Հաշվի առնելով նախկինում բանակցությունների ընթացքում սկսված ռազմական գործողությունները՝ Թեհրանն այժմ լիակատար անվստահություն է հայտնում ԱՄՆ-ի իրական մտադրությունների նկատմամբ և զգուշացնում հնարավոր նոր սադրանքների մասին։