Թբիլիսիում քննարկվել են Վրաստան–ԱՄՆ հարաբերու...

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վրաստանը և ԱՄՆ-ն կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ սահմանեց մի քանի վրացի պաշտոնյայի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացումը պայմանավորված էր Վրաստանում ընդունված մի շարք օրենքներով, որոնք, ըստ Բայդենի վարչակազմի, «հակասում են ժողովրդավարության սկզբունքներին»։