Թբիլիսիում հանրահավաք է եղել, պահանջել են ազա...

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) հանրահավաքը, հաղորդում է «Լուրեր–Վրաստան»-ը։

Հանրահավաքի մասնակիցներն առաջադրել են հետևյալ պահանջները․

  • ազատություն Լազարե Գրիգորիադիսին, որը մեղադրվում է մարտ ամսվա ակցիաների ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու մեջ,
  • ԱՄՆ վիզային պատժամիջոցների տակ հայտնված դատավորների անհապաղ պաշտոնանկություն,
  • ազատություն երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և Mtavari հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային,
  • ԵՄ 12 պայմանների կատարում, առաջին հերթին ապաօլիգարխացում, դատական և ընտրական բարեփոխումներ։

ՄԱՇ «Միասին դեպի Եվրոպա» կարգախոսով հանրահավաքը Վրաստանի խորհրդարանի առաջ անցկացվեց ողբերգական օրվա 34-րդ տարելիցին․ 1989 թ․ խորհրդային զորքերը ցրել էին խաղաղ հանրահավաքը։

Հանրահավաքի պահանջները հնչեցչեց ՄԱՇ ղեկավար Լևան Խաբեիշվիլին՝ դրանք իբրև թեմաներ առաջարկելով մյուս ընդդիմադիր կուսակցություններին ընդհանուր պայքարի գործում։

Նա ընդգծեց, որ Սահակաշվիլիի ազատ արձակումը նեղ կուսակցական շահերի հարց չէ։

Հանրահավաքում այսօր դարձյալ վանկարկում էին «Սուխումի, Սուխումի, Ցխինվալի, Ցխինվալի»։ Մարտ ամսվա ակցիաների այս կարգախոսները Ցխինվալում և Սուխումում ընդունվել էին որպես պատերազմի կոչեր։

Հանրահավաքի մասնակիցների մեջ էր նաև Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Նա հայտարարեց, որ 1989 թ․ ապրիլի 9-ը և այսօրվա ապրիլի 9-ը միավորում է այն, որ և այն ժամանակ, և հիմա Վրաստանի կառավարությունը ղեկավարվում Մոսկվայի կողմից։

«Մենք կարծում ենք, որ մեր հայրենիքը ռուսաստանյան գավառ չէ։ Այն ազատասեր մարդկանց միասնություն է, որոնց տեղը ոչ թե Ռուսաստանին ստրուկ լինելն է, այլ Եվրոպայի ազատ ժողովուրդների կազմում»,- ասել է Մարգվելաշվիլին։ 

Ներկա պահին հանրահավաքն ավարտվել է, ամեն ինչ անցել է առանց միջադեպերի։