
Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի
մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող
հանգամանքերի վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ
պայքարի մեխանիզմները:
Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260
պատահար, որից 48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՃԵԿ-ի
խախտմամբ 6 պատահարի արդյունքում արձանագրվել է 6 անձի մահվան դեպք: Դեպքերը հիմնականում
եղել են արագության գերազանցման և վազանցի կանոնները խախտելու պատճառով:
Փաստական տվյալները վկայում են՝ ավելացել են մգեցված դիմապակի ունեցող, հատուկ ձայնային
ազդանշաններով հագեցած և առանց համարանիշների մեքենաներ վարելու դեպքերը:
Դիլիջան ու Իջևան քաղաքներում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների,
տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները
դիտավորությամբ խախտելու դեպքերի աճ: Ավելացել են չնախատեսված վայրերում շրջադարձ կատարելու,
փակ փողոց մտնելու, հետիոտնին չզիջելու, կենտրոնական հրապարակների չնախատեսված վայրերում
կայանելու, վտանգավոր վազանցներ կատարելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքերը:
Տավուշի դատախազությունն արձանագրել է, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու և հնարավոր
պատահարների հավանականությունը ավելի մեծ է Դիլիջանում, որովհետև զբոսաշրջային քաղաքում շատ
են ժամանցի և ռեստորանային համալիրները:
Տավուշում ՃՈ աշխատանքային թերությունները շտկելու, ՃԵԿ-ի խախտումները բացառելու և
պատահարներին նպաստող գործոնները վերացնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Գոռ Ալոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին:
Շեշտվել է, որ պատահարները բացառելու և նվազեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ բաշխել
վերակարգերը, ուժեղացնել հսկողությունը երեկոյան ժամերին և հատկապես այն վայրերում, որտեղ ավելի
հաճախ են պատահարներ լինում: Ընդգծվել է խախտումներ թույլ տվող յուրաքանչյուր անձի նկատմամբ
վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու անթույլատրելիությունը:
Անվտանգ երթևեկություն ապահովելու տեսանկյունից կարևորվել է հանվագործությունների, վարչական
իրավախախտումների նախականխման, կանխման , խափանման աշխատանքներում ՃՈ ծառայողների կողմից
առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրը: