Տավուշում 2 եռանկյունի կա, որտեղ իրենց եռանկյ...

Բնական է, որ եթե սահմանը սահմանազատված չի, ապա ակնհայտ է, որ մի տեղ դուք կարող եք մի քիչ առաջ լինել, մի տեղ կարող է ես  առաջ լինեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ իր երեկ արած հայտարարությունը, որ տեղեր կան, որտեղ հայկական կողմն է առաջ, ինչը կարող է ադրբեջանցիներին փաստարկ տալ, որ հայերն իրենք են ընդունում, որ որոշ հատվածներում Ադրբեջանի տարածքներում են գտնվում:

«Առնվազն Տավուշում 2 եռանկյունի կա, որտեղ իրենց եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց մասում է գտնվում: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իմ ասածը հետեւյալն է. բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են աֆռաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք:  Մերը մերն է, իրենցը՝ իրենցն է»,-ասաց ԱԺ նախագահը հավելելով, որ ինքը մանրամասն տեղեկություններ չունի, թե որ հատվածում ինչպիսին է իրավիճակը:

Անդրադառնալով նրան, որ ինքը նախօրեին ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից դուրս գալը «մանրուք» էր անվանել եւ նշել, որ իրենք դա չեն քննարկել Ադրբեջանի հետ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հիմնական նպատակը խաղաղություն հաստատելն է, մեր 39 743 քկմ-ն արձանագրելը եւ սահմանը վեր հանելը: Ես դա մանուրք չեմ համարում, ես ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք: Շատ կարեւոր հարցեր կան, որ ներառված չեն խաղաղության պայմանագրում: Դու երբեւիցե չես կարող բոլոր հարցերը ներառել: Դրանցից ոչ մեկը չի կարելի մանրուք համարել, բայց այսօր գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է եւ խաղաղության պայմանագիր կնքելը: Դրանից հետո մեր քաղաքացիները մեր հարեւանների հետ առեւտուր են անելու, փոխայցեր են անելու, բոլոր հարցերը լուծվելու են»: