Թաթոյանը լուռ էր, երբ դատարանում «սպանվեց» Ար...

Երեկ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրած «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն էր տարածել «Զանգ» շարժման ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ապօրինի գործողությունների մասով։ Ըստ հայտարարության նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին:

Շատերին է զարմացրել Թաթոյանի հայտարարությունը, քանի որ ոստիկանի մեկ հարվածի մասին հայտարարություն անող նախկին ՄԻՊ-ը «քար լռություն» է պահպանել, երբ դատրանում կամ բանտում գործիչներ են մահացել։

Ամենացավալի օրինակը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահն էր դատարանի դահլիճում։ Իշխանությունները շինծու գործով կալանքի տակ էին պահում Արմեն Գրիգորյանին, այն դեպքում, երբ նա առողջական լրջագույն խնդիրներ ուներ ու դատական նիստերից մեկի ընթացքում, ուղիղ եթերում Արմեն Գրիգորյանը մահացավ։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում իսկապես ցնցեց հանրությանը։ Գրեթե ոչ ոք անտարբեր չմնաց՝ եղան հայտարարություններ ընդդիմադիր ուժերի ու գործիչների կողմից, արձագանքեցին մշակութային և հասարակական գործիչներ։ Կատարվածի մասին անգամ ստիպված եղավ խոսել Փաշինյանի իշխանության կողմից ՄԻՊ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (հայտարարությունն իհարկե լղոզված էր, բայց որոշ գնահատականներ կային)։

Այդ  ընթացքում քար լռություն պահպանեցին, հիմնականում, իշխանության ներկայացուցիչները, և որքան էլ որ զարմանալի է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հանրային գործունեությամբ զբաղվելու մասին հայտարարած Թաթոյանն անգամ ցավակցական խոսքեր չասաց Գրիգորյանի ողբերգական մահվան մասին։

Արման Թաթոյանը լուռ էր նաև, երբ լրագրող Մհեր Եղիազարյանը բանտում հացադուլ էր հայտարարել։ Մհեր Եղիազարյանը, որը կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին, երկու օր անց, դեկտեմբերի 5-ին հայտարարել էր հացադուլ անելու մասին, ներկայացնելով հստակ պահանջներ, դրանցից մեկն էլ մեջբերում ենք. «դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրող Մհեր Եղիազարյանի կալանավորման 53 օրվա ընթացքում ժամանակ չգտավ այցելել Հայաստանի միակ հացադուլավոր կալանավորին, լսեր նրան: Պատմությունն ավարտվեց Մհեր Եղիազարյանի ողբերգական մահվամբ։ ՄԻՊ գրասենյակը իհարկե հետո տարբեր բացատրություններ էր փորձում տալ, բայց դա արդեն որևէ մեկի համար էական չէր։

Այս դեպքերի մասին քաջատեղյակների մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ էր այն ժամանակ լռում Թաթոյանը, իսկ հիմա ոստիկանի մեկ հարվածն այնպես է ցնցել նախկին ՄԻՊ-ին, որ նա անգամ անգլերեն է հայտարարությունը տարածել, որպեսզի իր միջազգային գործընկերներն էլ տեղեկանան այս «աղետալի» միջադեպի մասին։ Ոստիկանի մեկ հարվածը հո դատարանում ապօրինի բանտարկված ընդդիմադիր գործչի մահանալու կամ բանտում լրագրողի հացադուլից մահանալու դեպք չի, որ անտեսվի։