Թաթոյանը դեմ է Սամվել Կարապետյանին․ Կարապետյա...

Բոլորի համար էլ հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում 50+ տոկոս որևէ ուժ չի հավաքելու. համենայն դեպս, այս պահի տվյալներն այդ մասին են խոսում։ Իշխանությունն էլ լավ գիտի դա, ու դրա համար է խոսում «Գյումրի 2» թույլ չտալու մասին, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը թույլ չտալու մասին։

Այս իրավիճակից ելնելով՝ կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր հանդես եկող ուժերը ինչպես են դիրքավորվում և արդյոք հասկանում են, որ պետք է համագործակցեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հեռացվի։ Ընդդիմադիր դաշտում հանդես եկող (վստահ չենք, որ իրականում այդպես է) Արման Թաթոյանը ամենակտիվն է հարվածում ընդդիմադիր ուժերի համագործակցության գաղափարին։ Նա երկար ժամանակ թիրախավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ոմանք կարող են կարծել, որ Թաթոյանը այդ կերպ փորձում է ստանալ այն քաղաքացիների ձայները, ովքեր դեմ են Փաշինյանին, բայց չեն ընտրի Քոչարյանին, սակայն իրականությունն այն է, որ մյուս ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ևս Թաթոյանի թիրախում է հայտնվել։

Շաբաթներ առաջ նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է մեկ անձի վարչապետ դառնալու համար Սահմանադրության փոփոխությունը։ Շատ հստակ ակնարկ է անում, որ եթե ընդդիմադիր ուժերի համագործակցության արդյունքում հնարավոր լինի Սամվել Կարապետյանին ընտրել վարչապետ, ապա ինքը դեմ կլինի։

Իսկ իր ուժի հիմնական հավաքի ժամանակ ևս մեկ անգամ պնդեց այս մոտեցումը և հանուն իշխանափոխության Սահմանադրության փոփոխության մտադրությունը համեմատեց Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ցանկության հետ․
«Ոմանք ուզում են փոխել Սահմանադրությունը, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ, մյուսը՝ որպեսզի կատարի ադրբեջանական պետության պահանջը։ Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան»,— հայտարարել էր Թաթոյանը։

Սրանից բացի՝ այլևս հնարավոր չէ խաղալ։ Այսինքն՝ այս պահին Թաթոյանը դեմ է հանդես գալիս երկու հիմնական ընդդիմադիր ուժերին և թիրախավորում նրանց։ Սա, իհարկե, դժվար թե իրեն ձայներ ապահովի, սակայն սա ուղերձ է ՔՊ-ին, որ եթե օգնեն իրեն ձայներ ստանալ ու հաղթահարել անցողիկ շեմը, ապա ինքը կտորպեդահարի ընդդիմության համագործակցությունը և հնարավորություն կտա Փաշինյանին վերարտադրվել։

Այս ամենի հետ չմոռանանք, որ Թաթոյանի ուժի երկրորդ դեմքը՝ Դավիթ Անանյանը, շաբաթներ առաջ չի բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Լրագրողի ճշտող հարցին, թե Նիկոլին դավաճան անվանելու եզրույթով հանդես չեն գալու՞, Անանյանը պատասխանել է․ «Դա ոչ մի տեղ չի տանում։ Այդ պոստուլատային բաները, այդ պիտակները կպցնելը որևէ լավ բանի չեն հանգեցրել։ «Նախկիններ–ներկաներ» խոսույթը վերացնելու ենք, արհեստական սև–սպիտակ բաժանումները վերացնելու ենք և առաջարկում ենք՝ միասին ջանքեր գործադրելով գնանք դեպի ապագա։ Մենք տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից նրանով, որ ոչ թե մեր խոսույթի մեջ գերակշռում է այսօրվա իշխանությունների քննադատությունը, այլ ավելի շատ ասում ենք՝ ինչ ենք անելու»։

Այս ամենը, կարծում ենք, բավական է ընտրողների համար հասկանալու, որ եթե քվեարկում եք Թաթոյանի օգտին, ապա օգնում եք, որ Փաշինյանը մնա իշխանության։