Ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից, իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, և վերջին հայտարարությունը դրանցից մեկն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Սևանա լիճ գոյություն չունի, գոյությու ունի Գյոյչա լիճ և ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան՝ իրենց պատմական հայրենիք։
«Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք։ Բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման և պահպանման ձևը։ Երեկ մի քաղաքացի մեկնաբանություն էր կատարել մի ինգրառման տակ, ասում էր՝ Ալիևն ասում է, որ քարտեզում Սևան չկա, Գյոյչա է, դա՞ է խաղաղությունը։ Մի կողմ թողնենք, որ քաղաքացին սխալ էր մեջբերել, Ադրբեջանի նախագահը ասել էր, որ ցարական քարտեզներում Սևան չէր, Գյոյչա էր, ոչ թե հիմա այս պահի մասին էր խոսում։ Ես նրան պատասխանեցի, որ ոչ, խաղաղությունն այն է, երբ որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով, Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան։
Դա է խաղաղությունը, և դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեկ։ Ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա, ես առանց չափազանցության եմ ասում, պատմական իրադարձություն է և այսպիսի բան վերջին անգամ եղել է 1991 կամ 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Սա առաջին անգամն է, որ Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծում է ունենում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ 1990–ականներին արդեն եղել է նման ներմուծում, բայց դա չի կանխել պատերազմը, Ռուբինյանն արձագանքեց. «Այստեղ հարցը կանխել-չկանխելու մասին չէ, այլ ինչ-որ բան հավանական և անհավանական դարձնելու մասին է։ Պարզ է չէ՞, որ մի իրավիճակում, երբ երկու երկրների սահմանները ամբողջովին փակ են, երկու երկրները ամբողջական իրար հանդեպ բլոկադա են իրականացնում, երբ որ սահմանին խրամատներ են և զինվորներ, այդ իրավիճակում ռազմական բախման հավանականությունը տասնապատիկ անգամ ավելի բարձր է, քան այն իրավիճակում, երբ սահմանը բաց է և չկա բլոկադա կամ բլոկադան քիչ-քիչ քչանում է։
Բացի այդ, նաև տնտեսական առումով, մենք առաջին անգամ, ըստ էության, երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ։ Միակ երկիրը, որի հետ ունեինք երկաթուղային կապ, Վրաստանն էր 30 տարի։ Հիմա արդեն Ռուսաստանի և Ղազախստանից երկաթուղով որևէ ապրանք է գալիս Հայաստան և անհնար է գերագնահատել այս իրադարձության կարևորությունը։
Այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր։ Այո, կարող են լինել հայտարարություններ, որոնք մենք կհամարենք խնդրահարույց, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա և ցորենի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով շատ կարևոր փաստ է, որը պետք է արձանագրել, այդ թվում խաղաղության համար»,– ընդգծեց Ռուբինյանը։



