Տարոն Մարգարյանը խուսափեց քննադատել Ավինյանին

Հանրապետական կուսակցությունը ոնց կորոշի՝ այդպես ես կառաջնորդվեմ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով իր առաջիկա քաղաքական պլաններին։

«Եթե Հանրապետական կուսակցությունը որոշեց, որ լինեմ խորհրդարանում, ուրեմն խորհրդարանում կլինեմ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Երևանի այսօրվա քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը, արդյոք այն արդյունավետ է, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք, քաղաքային տնտեսությունը գործող օրգանիզմ է, մի օր արդյունավետ կլինի, մի օր անարդյունավետ կլինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի»։

Դիտարկմանը, որ խուսափում է Ավինյանին քննադատելուց, նա ասաց. «Եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս է ժողովուրդը ընտրություններով»։

Ինչ վերաբերում է նրան, թե որն է եղել իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված ամենամեծ սխալը, որի համար զղջում է Երևանի նախկին քաղաքապետն ասաց. «Գիտեք, աշխատանքի մեջ սխալներ լինում են, մենք մեր սխալների համար մեր ներողությունը խնդրել ենք։ Բայց քաղաքային տնտեսությունը իր ամենօրյա մարտահրավերը ուներ և ամեն օր խնդիրներ կային, ժողովուրդը սկսում էր ավելի պահանջկոտ լինել և քաղաքային իշխանությունը պարտավոր էր այդ պահանջները բավարարել։ Դրա համար մենք շատ մեծ ծրագրեր ենք իրականացրել և որոշ ծրագրեր կիսատ են մնացել։ Հույս ունենանք, որ այս քաղաքային իշխանությունը ավարտին կհասցնի»։