ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ այսօր քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը, նշել է, որ այն կարևոր քայլ է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված որոշումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ արդեն իսկ տարկետման իրավունք ունեցող մի շարք քաղաքացիներ ընդունվում և սովորում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աշխարհի լավագույն բուհեր են դիտվում Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարանները։ Նշված կարգավորմամբ ՀՀ քաղաքացիները 2018 թվականից սկսած ստացել են տարկետումներ. մինչև այս պահը նշված հեղինակավոր բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն են ստացել շուրջ 650 քաղաքացի, որոնցից 570-ը դեռևս շարունակում է իր ուսումնառությունը»։
Նախարարի նշմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավականին ցածր է այս քաղաքացիների՝ ՀՀ վերադարձի, ստացած գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ մեր երկրի և տնտեսության զարգացման գործածելու ցուցանիշը:
«Արդեն իսկ բուհական ուսումնառությունն ավարտածների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ իրականում նրանց մեծ մասը չի վերադառնում. որպես հետևանք՝ մեր երկրում առկա է մարդկային կապիտալի արդյունավետ ներգրավման և զարգացման խնդիր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեր երկրի զարգացման օրակարգը՝ առաջարկվում է հետևյալ մոտեցումը՝ տարկետում ստացած քաղաքացիները, որոնք կրթություն են ստացել միջազգային առաջատար բուհերում, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու հնարավորություն կստանան, որից հետո կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Կարծում ենք, որ հեղինակավոր բուհերում կրթություն ստացած որակյալ մասնագետներին անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային տարբեր ոլորտներում: Նպատակը՝ ձևավորված կարողությունների և գիտելիքի արդյունավետ օգտագործումն է մեր երկրի տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող պարտադիր ժամկետի ավարտից հետո նշված քաղաքացիները կարող են իրենց գործունեությունը շարունակել մեր երկրում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև, որ հետագայում Կառավարության որոշմամբ կսահմանվեն և կկարգավորվեն աշխատանքային գործունեության պայմանները՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը և ծրագրի նպատակային նշանակությունը:
Ըստ նախարարի՝ ՀՀ վերադարձը խթանելու և ներգրավված մասնագետների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով փոփոխությունները տարածվելու են նաև Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1 կետով տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիների վրա։
Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փոփոխության նախագծին:



